Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը՝ մշակույթ, կրթություն, պատմություն, կրոն, այս մասին հայտարարություն է տարածել Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցությունը։
Նշվում է, որ Հայաստանի ներկա իշխանությունը, «շարունակելով իր հակահայ գործունեությունը, նոր արշավ է սկսել եկեղեցու դեմ»։
«Պատճառներից մեկն այն է, որ վերջնականապես կորցնելով հեղինակությունն ու գտնվելով իշխանությունը կորցնելու վտանգի առջև՝ այս իշխանությունը փորձում է ոչնչացնել բոլոր հեղինակությունները, իսկ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես հազարամյա հոգևոր կառույց, հայ ժողովրդի կյանքում ունի բացառիկ նշանակություն ու հեղինակություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրից պահանջում է ուժերի գերլարումով համախմբում ազգային, պետական խնդիրների ու նպատակների շուրջ՝ հաղթահարելու պետության ու ժողովրդի առջև կանգնած ծանր մարտահրավերները, լուծելու այդ խնդիրներն ու հասնելու այդ նպատակների իրագործմանը։
«Բացարձակապես անընդունելի ենք համարում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններն՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի հասցեին։ Աննախադեպ է, երբ որևէ կրոնական կառույցի առաջնորդ մեկ այլ կրոնական կառույցի դեմ նման մեղադրանքներով է հանդես գալիս՝ սերմանելով կրոնական և ազգային թշնամանք ու ատելություն»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱԺՄ-ն նաև ողջունում է Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացված՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։
«Շատ բնական է, որ Վեհափառը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, իր վրա պատասխանատվություն է վերցնում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ժողովրդի հայրենազրկված հատվածի՝ արցախահայության իրավունքների նկատմամբ։ Այդ հարցերը ոչ միայն ազգային տիրույթում են, այլև կարևոր նշանակություն ունեն միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից»,- նշվում է հայտարարությունում։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Քննադատություններից հետո մայիսի 30-ին գրառումների շարք էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին:
Այս գրառումներից հետո հոգևորականներն արձագանքել ու քննադատել էին վարչապետին: Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։