«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում հունիսի 5, 6, 7-ին՝ ժամը 13:00-19:00-ն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Anush Art արվեստանոցի համագործակցությամբ տեղի կունենա «Ի սրտե․ չնկարիչների ցուցահանդես»-ը։
Anush Art արվեստանոցի փորձարարական ձևաչափի գեղանկարչական ցուցահանդեսի մասնակիցները նկարչական կրթություն չունեցող 7 կանայք են։ Նշվում է, որ տարբեր մասնագիտություններ ունեցող կանայք փորձում են իրենց ուժերն ու կարողությունները կերպարվեստում՝ գունավորելով կյանքը։
«Անցած ուղու, կյանքում կարևորի և անկարևորի մասին զրույցներից զատ նրանց համախմբում էր նորը փորձելու համարձակությունը։ Գույների հետ աշխատելու փորձ չունեցող սկսնակ նկարչուհիների համար դյուրին չէր հասուն տարիքում առաջին անգամ վրձին վերցնել և ապրումները, հույզերն ու զգացմունքները կտավին հանձնել։ Այս յոթ կանայք գաղափար անգամ չունեին, թե ուր կբերեն իրենց այդ հանդիպումները»,- ասված է ցուցահանդեսի հրավերում։
Ցուցահանդեսին կմասնակցեն մաթեմատիկ Լիլիթ Աճեմյանը, ինժեներ Լիլիթ Գալստյանը, բանասերներ Անահիտ Բժիկյանը և Գոհար Գևորգյանը, լեզվաբան Գայանե Կարապետյանը, դաշնակահար Նունե Մանուչարյանը, բժիշկ Ռուզան Խոնդկարյանը։