Հայաստանի կառավարության որոշմամբ համընդհանուր հայտարարագրումը պարտադիր է դարձել. 2024 թվականի եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պետք է ներկայացվի մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Սկզբում վերջնաժամկետը նախատեսված էր 2025 թվականի մայիսի 1-ը, սակայն երկարաձգվել է՝ հաշվի առնելով տեխնիկական և կազմակերպչական խնդիրները:
Հայտարարագրման ենթակա են աշխատավարձը, բոնուսները, հավելավճարները, արձակուրդային վճարները, քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված վճարումները, ինչպես նաև վարձակալությունից ստացված եկամուտները։
Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է՝ արդյոք արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, հե՞շտ էր գործընթացը։ Նաև հարցրել ենք, թե ինչպե՞ս են ընդհանրապես վերաբերվում համակարգի ներդրմանը։
Հարցման մասնակիցների մեծ մասն ասել է, որ դեռ չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Քաղաքացիներից նաև դժգոհել են, որ գործընթացն ավելորդ բեռ է դարձել իրենց համար։ Նրանք շեշտել են, որ այլ երկրներում այդ գործառույթը քաղաքացին չի իրականացնում:
«Չեմ կարողանում անել։ Երկար տարիներ ապրել եմ արտասահմանում, այնտեղ էլ կա այս օրենքը, բայց այնտեղ հայտարարագիր անելու բեռը աշխատողի վրա չի մնում, գործատուն դա կատարում է։ Իսկ այստեղ պետք է դու անես կամ դրա համար լրացուցիչ վճարես․․․ Դա բարդ սիստեմ է»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Հարցման մեկ այլ մասնակից, որ թոշակառու է, պատասխանելով մեր հարցին, նշել է, որ պատրաստ է իր թոշակը հայտարարագրել, եթե «վերևները» առաջինը հայտարարագրեն իրենց ունեցվածքը։
«Ստվերը կկրճատվի, երբ իշխանություններն ազնվորեն ներկայացնեն իրրենց հայտարարագրերը»,- հավելել է քաղաքացիներից մեկը։
Կային նաև քաղաքացիներ, որոնք իշխանությունների այս որոշմանը կողմնակից են:
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։