ՀՀ կառավարությունը մայիսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և այնտեղ խնամվող երեխաներին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ վերաուղեգրելու նախագծին։
Նախագծում նշվում է, որ այն ընդունելու արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան միջավայրին մոտ տներում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Հիմնադրամի գործունեությունը ենթադրում է ընտանեկան տիպի խնամք հատուկ դասընթացներ անցած ՍՕՍ ամուսնական զույգերի կամ ՍՕՍ ընտանիքի ղեկավարների (խնամք իրականացնողներ) կողմից:
«Ընտանեկան տիպի խնամքն իրականացվում է Հիմնադրամի կողմից տրամադրված առանձին տներում, որոնք ապահովված են երեխաների խնամքն ու դաստիարակությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ գույքով և պայմաններով: Յուրաքանչյուր տանը կարող են խնամվել առավելագույնը 6-8 երեխա: Երեխաների խնամքը կազմակերպվում է խնամք իրականացնողների կողմից 24/7 ռեժիմով, բացառությամբ շաբաթվա ընթացքում մեկ հանգստյան օրի և արձակուրդների ժամանակահատվածի, որի ընթացքում երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում են ընտանիքների օգնականները»,- ասված է նախագծում։
Հիմնադրամի հետ 5 տարի ժամկետով պայմանագիր կկնքվի, իսկ «Գավառի մանկատան» անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվի «Օթևան» ՊՈԱԿ-ին՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ։
2025-ի հունվարին սոցապնախար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր մանկատան աշխատանքների վերակազմակերպման նախաձեռնության մասին։ Նա նշել էր, որ այդպիսով երեխաների համար ընտանեկան միջավայրին մոտ հնարավորություն ուզում ստեղծել։