ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ միջպետական ճանապարհները՝ բաց, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ «Ճանապարհային դեպարտամենտի»՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում և Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում բուք է։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։
Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ լեռներում զգալի ձյուն է կուտակվել, սակայն ցրտահարություններ չեն գրանցվել, իսկ վաղվանից՝ ապրիլի 17-ից, օրերը կտաքանան։