Հայաստանում 2014-2024 թվականներին տարեկան կատարված սպանությունների միջին թիվը կազմել է 53, սակայն 2024 թվականին արձանագրվել է որոշակի աճ, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության գործունեության մասին զեկույցում։
Մասնավորապես, 2024 թվականին գրանցվել է 63 սպանության դեպք, մինչդեռ 2023 թվականին այդ թիվը 55 էր, աճը գրանցվել է 14,5 տոկոսով։ Երևանում սպանությունների թիվը նվազել է 7 դեպքով կամ 32 տոկոսով:
Ըստ հաշվետվության՝ 2024 թվականին սպանության փորձի դեպքերը նվազել են 4-ով կամ 6,2 տոկոսով՝ 2023 թվականի 65-ի փոխարեն գրանցվել է 61 դեպք։ Սպանության նախապատրաստության դեպքերը նույնպես նվազել են․ նախորդ տարվա 4 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 2 դեպք, ինչը 50 տոկոս նվազում է։
Գլխավոր դատախազության գնահատմամբ՝ սպանությունների (այդ թվում՝ չավարտված) գործերով դատախազական լիազորությունների արդյունավետության բարձրացումը շարունակում է մնալ գերակա ուղղություն։
Նշվւմ է նաև, որ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40, 232 դեպք (2023 թվականին՝ 40,666 դեպք), որոնցից 18,397-ը (2023 թվականին՝ 20,231 դեպք)՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1,1%-ով:
2024 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: Միաժամանակ, նվազել են միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերը: 2023 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 337-ով կամ 1,7%-ով (2023 թվականին՝ 20,024 դեպք, 2024 թվականին՝ 20,361 դեպք), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 595-ով կամ 4,6%-ով (2023 թվականին՝ 12,848 դեպք, 2024 թվականին՝ 12,253 դեպք), ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 598-ով կամ 9,8%-ով (2023 թվականին՝ 6116
դեպք, 2024 թվականին՝ 5518 դեպք), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25,1%-ով (2023 թվականին՝ 1678, 2024 թվականին՝ 2100 դեպք):