Երևանում Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով պարբերաբար կփակվեն կենտրոնական փողոցները, հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Երթևեկությունը կսահմանափակվի ժամը 19:00-ից մինչև 23:00-ն: Ըստ գերատեսչության՝ խոսքը Չարենց, Ալեք Մանուկյան, Խորենացի, Նար-Դոս, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչար փողոցների և Սայաթ-Նովա պողոտայի մասին է:
ՆԳՆ-ն հիշեցրել է, որ հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին։ Գերատեսչությունը քաղաքացիներին կոչ է արել կուտակումներից խուսափելու համար մարզադաշտ ժամանել ժամը 19:00-ից սկսած, և մեքենաները կայանել մարզադաշտից հեռու:
Ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի հավաքականները մարտի 20-ին կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի անցումային հանդիպումը: Խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: