Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների արտադրության գործարանի բացմանը, հայտնում են կառավարությունից։
Ըստ հաղորդագրության՝ վարչապետը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին: Պատասխանատուների ներկայացմամբ՝ գործարանի արտադրողականությունը կազմում է տարեկան 112 800 տոննա: Իրականացվել է 31 միլիոն դոլարի ներդրում: Գործարանն ունի 240 աշխատակից, որոնց թիվն առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել՝ գերազանցելով 500-ը:
«Ձեռք են բերվել էլեկտրոթերմի արտադրության 25 տոննա տարողությամբ 2 ինդուկցիոն վառարաններ, շարունակական գլոցման մեքենա և ամրան արտադրող հոսքագիծ: Արտադրության համար որպես հումք ծառայում է ջարդոնը և սպունգային երկաթը։ Վերջնական արտադրանքը ներառում է պողպատե ամրաններ, խողովակներ, աղացման գնդեր, տաք և սառը գլանվածքով պարույրներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ կառուցվել է 40 000 կՎԱ հզորությամբ տրանսֆորմատորային ենթակայան, 110 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծ և նոր բջիջ «Արարատ 2» կայանում: