Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարտի 8-ը և ուղերձում նշել որ կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է, միաժամանակ կանանց ներգրավվածության մեծացումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն լինելով դրական գործընթաց, առաջ է բերում մի շարք անհանգստություններ և մարտահրավերներ:
Այդ մարտահրավերներից առաջինն է վարչապետի կարծիքով այն հանգամանքը, որ «տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետևողական ներդրման հետևանքով» աղջիկները կենտրոնացել են կրթության և աշխատանքի վրա՝ ձեռք բերել մրցակցային առավելություններ:
Կանանց ներուժի ներգրավումը, համոզված է Փաշինյանը, որպես պետության զարգացման կարևորագույն գործոն, արդյունավետ կլինի, տղամարդիկ նույնպես լիարժեք ներգրավված ու մրցունակ լինենու պարագայում:
«Ընթացիկ պրոցեսներն ահազանգ են բոլորիս, այդ թվում՝ մայրերին ու հայրերին, որ մենք տղաների կրթության ու մրցակցայնության հարցերին նույնպես մեծ ուշադրություն դարձնենք, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր ներուժը կրկին լիարժեք չենք օգտագործում»,- շեշտել է վարչապետը:
Երկրորդ մարտահրավերը, վարչապետի խոսքով, տնտեսական կյանքում կանանց ակտիվացման պատճառով երեխա ունենալու համար ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» խնդիրն է, որ պետք է լինի ուշադրության և խորհրդածությունների կենտրոնում:
Փաշինյանը հավելել է որ մարտի 8-ը պետք է դիտարկվի որպես հանրային համերաշխության օր, թողնելով անցյալում սեռային մրցակցության կամ պայքարի, կամ գերակայության մշակույթը, քանի որ այն «անկենսունակ է»:
«Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի է ընդգծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում և սա քաջալերող է: Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները: Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը»,- եզրափակել է Փաշինյանը։
Կառավարության հունվարի 16-ի նիստում Փաշինյանն ասել էր, որ ՀՀ-ում տղաների 60%-ին կյանքի մեկնարկի փուլում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ՝ առաջացնելով նրանց մոտ ներքին թուլություն։