Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) երկրպագուներին կոչ է արել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ակցիաներ չիրականացնել՝ որակազրկման վտանգի պատճառով։
«ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈւԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈւԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՈւԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ միջադեպի կրկնվելու դեպքում «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը և հայկական ակումբները չեն կարող հանդես գալ այս մարզադաշտում և ամենակարևորը՝ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա Աշխարհի մինչև 20 տարեկանների 2029 թ. առաջնությունը Հայաստանում (Վրաստանի հետ համատեղ) անցկացնելու հնարավորության վրա:
ՀՖՖ-ն դատապարտել է երկրպագուների նման վարքագիծը՝ դրա մեջ տեսնելով հայկական ֆուտբոլին վնաս հասցնելու միտում: «Կոչ ենք անում զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից՝ հանդիպումների ընթացքում զբաղվելով բացառապես մեր թիմերին երկրպագելով»,- հավելել են ֆեդերացիայից:
Այսօր ավելի վաղ «Վան»-«Ալաշկերտ» հանդիպումն ընդհատվել էր ակցիայի պատճառով։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ միջադեպից հետո 5 անձ հրավիրվել է համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։
Փետրվարի 28-ին First Armenian Front ֆան շարժումը (FAF) հայտարարել էր, որ վերսկսում են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։
2024 թվականի հոկտեմբերին, UEFA-ի Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո, որին հաջորդել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությունը, ֆան-շարժումների ներկայացուցիչները պահանջել էին Մելիքբեկյանի հրաժարականը: ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Ինքը՝ Մելիքբեկյանը, հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հունվարի 30-ին երկրպագուները ՀՖՖ-ին մեղադրել էին ազգային հավաքականի խաղերին իրենց ներկայությունը կանխելու մեջ։ Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։