Ռուսաստանը քննարկում է բեռնատարների օտարերկրյա վարորդների համար երկրում մնալու ժամկետի սահմանափակումների մեղմացման հարցը, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հղում անելով իր հարցմանը ՀՀ ՆԳՆ-ի պատասխանին։ Գերատեսչությունն այսպես է մեկնաբանել ռուսական օրենքը, ըստ որի օտարերկրացիները չեն կարող առանց վիզայի երկրում մնալ տարվա մեջ ավելի քան 90 օր։
Պատգամավորը նշել է, որ այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում ՌԴ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Դանիելյանին հայտնել են, որ 2025թ․ փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի էր ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել էին նաև «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կանոնների և պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։
Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել էր ՌԴ նախագահի 30․12․2024թ․ № 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի և ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի՞ են, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ փոփոխությունները տարածվում են նաև նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաև այլ պետություննների իրավասու մարմիններին, ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորությունը։
ԱԳՆ-ից հավելել են, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։
Դեկտեմբերին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կրճատել էր առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիների՝ երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը։ 2025 թվականի հունվարի 1-ից այս ժամկետը չպետք է գերազանցի տարվա 90 օրը։