Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Հալֆեթի քաղաքում (պատմական անվանումը՝ Ուրֆա) վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը, հայտնել է Artigercek.com-ը։
Հայտարարությունն անշարժ գույքի գործակալության կայքում տեղադրվել էր փետրվարի 5-ին։ Նշվում էր, որ «Հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 միլիոն 800 հազար լիրայով (մոտ 77,5 հազար դոլար), նաև հստակեցվել էր, որ եկեղեցու տարածքը 904 քմ է և առկա է սեփականության վկայական։
Հայկական եկեղեցու մոտ բնակվող Թուրքիայի քաղաքացին նշել է, որ այնտեղ հայեր են ապրել, գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Նրա խոսքով՝ հայերը գյուղից հեռացել են մոտ 120 տարի առաջ, իսկ դրանից հետո եկեղեցու մի մասը վերածվել էր մզկիթի։
«Եկեղեցու պատերին նախշեր կային, ինչպես նաև տան պատերին։ Այս հարուստ զարդարված պատերը փլուզվել են երկրաշարժի հետևանքով (2023 թվականի փետրվարին – խմբ․): Սեփականատերը մինչ երկրաշարժն այստեղ է ապրել, բայց վերջերս իմացանք, որ ուզում է տունը վաճառել»,- ասել է նա։
Տարածքի բնակիչներից մեկն էլ պատմել է, որ ժամանակին այստեղ այլ եկեղեցիներ ևս կային։
«Ասում են՝ ժամանակին այս տարածքում չորս եկեղեցի կար։ Վերջինը, որ մնացել է, այս եկեղեցին է, բայց եկեղեցուց ոչ մի հետք չի մնացել»,- պարզաբանել է նա։
7,7 և 7,6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի էին ունեցել 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում ինը ժամվա ընթացքում: Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հազարավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժերն անվանել են «դարի աղետ»։
Ընդհանուր առմամբ՝ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի տարբեր շրջաններում ավելի քան 16 հայկական եկեղեցի էր վնասվել։