Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով, հայտնել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նա հավելել է, որ գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։
Այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքի բնակիչներին կոչ էր արել փետրվարի 1-ից բոյկոտել հասարակական տրանսպորտի նոր սակագները՝ չնայած իշխանությունների զիջումներին։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Մարությանը և Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։