Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, ՌԴ քաղաքացի է դարձել և շինարարական ընկերություն հիմնել, գրում է «Հետք»-ը։
«Կոստանյանի անունը բացակայում է ՀՀ ընտրողների ռեգիստրից: Եթե դա տեխնիկական սխալի հետևանք չէ, ապա կարող է նշանակել՝ կա՛մ նախկին պաշտոնյան այլևս ՀՀ քաղաքացի չէ, կա՛մ քաղաքացի է, բայց ՀՀ հաշվառում չունի»,- գրում է լրատվամիջոցը:
«Հետքը» պարզել է, որ ՌԴ քաղաքացի դարձած Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում:
«ՌԴ քաղաքացի դառնալուց բացի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի քանի տարի առաջ նաև բիզնես է հիմնել Ռուսաստանում: 2019թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն»,- գրում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 2020թ. հունվարին Գրիգորյանը դուրս է եկել «Բլագոստրոյ Սերվիսից», որն ամբողջությամբ անցել է Կոստանյանին: Գրիգորյանի հետ ՍՊԸ-ից դուրս է եկել նաև գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իսայանը: Վերջինիս փոխարինել է Կարեն Մաթևոսյանը, որը ևս ներգրավված էր շինարարության ոլորտում:
«Կոստանյանն ընկերության միանձնյա սեփականատերն էր 2020-2024թթ.: 2024-ի օգոստոսին նա 50 տոկոս բաժնեմասը փոխանցել է Դմիտրի Միխալյովին, որը ընկերության գլխավոր տնօրենն է 2024-ի մայիսից: Ընդ որում՝ մայիսից ընկերության գործունեության հիմնական տեսակը պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի մեծածախ առևտուրն է: Հոկտեմբերին Կոստանյանը դուրս է եկել ՍՊԸ-ից, Միխալյովը դարձել է միակ փայատեր: Ըստ առկա տվյալների՝ ընկերությունն ունի մեկ աշխատող, որը, բնականաբար, տնօրենն է»,- գրում է ԶԼՄ-ն:
Նախկին գլխավոր դատախազ Կոստանյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի գործով։ 2023թ․ հունվարի 10-ին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կոստանյանից կբռնագանձվի 812 միլիոն դրամ: Կոստանյանը մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելուն դրդելու հոդվածներով:
Կոստանյանը 2011-2013թթ. զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: 2013-2016թթ. նա ՀՀ գլխավոր դատախազն էր: