Հունվարի 1-ից Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ, հայտնում է Հայաստանում «Էրազմուս+»-ի գրասենյակի թիմը։
Նշվում է, որ «Էրազմուս+» ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
ԿԳՄՍՆ-ն այս որոշումը, ըստ գրասենյակի, հիմնավորել է, որ «Էրազմուս+»-ի նախագծերը հիմնականում նպաստել են միայն եվրոպական համալսարաններ իրականացվող գործուղումներին ու կրել առավելապես զբոսաշրջության բնույթ, չեն հանգեցրել որևէ նկատելի ազդեցության Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի վրա, չեն արտացոլել Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման առաջնահերթությունները։
«Իրականում՝ մեր հիմնական առաքելությունն «Էրազմուս+» ծրագրի մասին տեղեկատվության տարածումն է թիրախային խմբերի շրջանում, նրանց խորհրդատվության և աջակցության տրամադրումը։ Մենք չունենք լիազորություն՝ իրականացնելու նախագծերի գնահատում, ընտրություն կամ մոնիթորինգ»,- ասվում է հաղորդագրությունում։
Գրասենյակը հույս է հայտնել, որ ծրագիրը կշարունակի գործել Հայաստանում միևնույն կամ ավելի խոշոր մասշտաբներով՝ նպաստելով Հայաստանում կրթության միջազգայնացմանն ու նոր կրթական հնարավորությունների ստեղծմանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ «Էրազմուսի» ծրագրերը շարունակվում են և ընդլայնվելու են։
«Որևէ կառույցի անվանումից ազգային բառը չի հանվում։ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում 93-ամյա թատրոնին նվիրված հուշամեդալի ներկայացմանն էինք։ Մասնավորի հետ համագործակցությամբ թողարկված հուշամեդալների վաճառքից թատրոնը նաև տոկոսներ է ստանալու՝ որպես հավելյալ եկամուտ»,- գրել է նա։
Նախարարությունը հավելում է, որ հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ-ի հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Էրազմուս+» ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է «Էրազմուս+» ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։
«Նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի»,- եզրափակել են նախարարությունից: