Երևանի ավագանու «Քաղացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները բոյկոտել են տրանսպորտի թանկացումը կասեցնելու վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցության հրավիրած արտահերթ նիստը, հայտնել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նա խմբակցությունների որոշումը կապել է հունվարի 21-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման հետ, որով երկրի ղեկավարը բարձր էր գնահատել QR կոդերի միջոցով հասարակական տրանսպորտի վճարումների նոր համակարգը։ Ավագանու անդամը քաղաքացիներին կոչ է արել բոյկտել նոր համակարգն ու փետրվարի 1-ից շարունակել տրանսպորտի համար վճարել 100 դրամ։
«Մինչև փետրվարի 1-ը շարունակում ենք տրանսպորտից օգտվել 100 դրամով, իսկ փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը»,- հավելել է ավագանու անդամը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։ Սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 2-ից։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։
Հունվարի 15-ին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ Մարությանը 76 հազար ստորագրություն է հավաքել ընդդեմ հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման։
Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հունվարի 19-ին կոչ էին արել փետրվարի 1-ից բոյկոտել մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը։