Գրոսմայստեր Լևոն Արոնյանն աջակցել է Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանին։
«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա մարդ է, ով ամբողջ աշխարհում մարդկությանը միավորելու և կրթության միջոցով խաղաղություն բերելու տեսլական ունի։ Այն, ինչ նա հանդուրժում է Ադրբեջանի իշխանություններից, ծաղր է դատական գործընթացի նկատմամբ և արդարացում չունի», – ասվում է Արոնյանի Twitter-յան գրառման մեջ, որում նշել է ՄԱԿ-ի, Միջազգային քրեական դատարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Twitter-ի էջերը։
Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս բոլոր հայ կալանավորներին աջակցելու կոչեր են արել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և այլ գործիչներ։
Բաքուն 2024 թվականի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարարին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը:
Հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել էր Արցախի ղեկավարների շինծու «դատավարությունը»։ Արցախի առաջնորդների գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 21-ին, Վարդանյանի գործով՝ հունվարի 27-ին, քանի որ դատարանը բավարարել է Արցախի նախկին պետնախարարի պաշտպանների հայցը, և 10 օր ժամանակ տվել գործի նյութերին ծանոթանալու համար։