Կառավարությունն ընդունել է ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիայի մասին ծրագիր։ Կառավարության հունվարի 16-ի նիստում օրինագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ՝ ծրագիրն ուղղված է լինելու ընտանեկան բռնություն գործած անձանց հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրմանը, առողջության վերականգնմանը և վերջիններիս կողմից վնասակար սովորույթներից ձերբազատման միջոցով կրկին բռնություն գործելու կանխարգելմանը:
Ստեփանյանի խոսքով՝ նախագիծը Հայաստանում կիրականացվի առաջին անգամ։ Ծրագրի թիրախային խումբը կընդգրկի ընտանեկան կամ ընտանեկան բռնություն գործած և ոստիկանության նախազգուշացում ստացած, ինչպես նաև դատարանի պաշտպանական որոշում ստացած անձանց:
«Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին տրվել է 424 նախազգուշացում, իսկ 2024 թվականին՝ 574, Դատական դեպարտամենտի տվյալներով՝ 2023 թվականին տրվել է 14 պաշտպանական որոշում, իսկ 2024 թվականի առաջին 6 ամիսներին՝ 13»,- ասել է Ստեփանյանը։
Ծրագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 2026 թվականից, կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մրցույթով հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության միջոցով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով վերականգնողական ծրագրի մասին, հայտարարել է, որ հասարակության հանցավոր շարժառիթները շատ դեպքերում ձևավորվում են ընտանեկան բռնության համատեքստում, երբ բռնությունը դառնում է մշակույթ։
«Երբ տանը բռնության ավանդույթ է մշակվում, այն տարածվում է տնից բակ, բակից թաղամաս, թաղից դպրոց, դպրոցից հանրություն և այլն»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրել է, որ նախկինում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքներ ընդունելու ժամանակ շատ քննադատություններ են տեղի ունեցել։
«Մեզ թվում էր՝ ինչ-որ վատ բան ենք անում, մեր ավանդույթները քանդում ենք, բայց բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը»,- ընդգծել է նա։