Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Հայաստանի ճանապարհներին տեղադրված արագաչափերը հանելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին:
Այս մասին նա ասել է ուղիղ եթերում՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, այն հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով խնդրի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունը և տարբեր տեսակետների բախումը, ճիշտ կլիներ այդ հարցը լուծել հանրաքվեի միջոցով։ Նա բացատրել է, որ գործող օրենսդրության համաձայն կառավարությունը չի կարող այդ հարցը դնել հանրաքվեի։ Միևնույն ժամանակ, օրենսդրությունը նախատեսում է հանրային նախաձեռնության վերաբերյալ հանրաքվեի անցկացման հնարավորություն։
«Այն հանրային խմբերը, որոնք հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ես ինքս կաջակցեմ այս խմբին, որպեսզի նրանք սկսեն ստորագրահավաք, արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերեն Ազգային ժողով։ Բայց մենք էս գլխից կպայմանավորվենք նաև իրենց հետ, որպեսզի, եթե իրենք 50000 ստորագրություն հավաքեն, մենք կպայմանավորվենք, որ Ազգային ժողովը դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300000 ստորագրության։ Եվ եթե հաջողվի 300000 ստորագրություն հավաքել, մենք հարցը դուրս կբերեք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»,- ասել է Փաշինյանը։
Նշելով, որ կազմակերպչական մասով կաջակցի այս գործընթացին՝ վարչապետն ընդգծել է, որ քարոզչություն չի իրականացնելու այս հարցում իր տեսակետի օգտին։ Փաշինյանի խոսքով՝ ճանապարհային արագաչափերի հարցով քաղաքացիների հետ իր շփումները թույլ չեն տալիս միանշանակ դիրքորոշում ունենալ այս հարցում։
Նա խոսել է նաև ծառայողական մեքենաների կրճատման ծրագրերի մասին։ Վարչապետի խոսքով՝ կառավարության վերջին նիստի փակ հատվածում ասել է, որ կրճատման խնդիրը «կացնային ձևով» լուծելու է։ Փաշինյանը հայտարարել է, որ, պահանջելով գերատեսչությունների մեքենաների ցուցակները, պարզապես գրիչով ջնջել է դրանք։
Նա խոստացել է, որ այդ կերպ կկրճատվի գերատեսչական ավտոպարկի «շատ մեծ տոկոսը»՝ մոտավորապես 80%-ը։ Փաշինյանը պարզաբանել է, որ խոսքը կոնկրետ ծառայողական ավտոմեքենաների կրճատման մասին է, իսկ այն մեքենաները, որոնք «չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքներին», մասնավորապես՝ օպերատիվ աշխատանքի համար, չեն կրճատվի։
Մանրամասները՝ տեսանյութում։