Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքը և Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ ու հայ ժողովրդին մարտահրավերների, «պատուհասած աղետների» դեմ պայքարելու համար միասնականության կոչ արել։
«Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։ Հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։
Վեհափառը նաև անտարբերության և ատելության մթնոլորտը բացառելու կոչ է արել։
«Վանենք մեզնից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն։ Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգև մեր ազատությունն ու անկախ պետականությունը և համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը»,- նշել է կաթողիկոսը։
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության օրն է։ Հանրապետության օրվա տոնակատարությունները համընկնում են Սարդարապատի ճակատամարտի տարեդարձի հետ (տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29-ը): Ճակատամարտում հայ զինվորներն օսմանյան բանակին դուրս էին մղել Հայաստանից։