ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանի հեռագրում ասված է․
«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից»:
Փաշինյանը նշել է, որ անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից:
«Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:
Սիրելի Լևոն,
Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում։