44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն ահազանգել է, որ 2021 թվականի փետրվարի 15-ին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի՝ իր որդու անունով անվանակոչված Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքից հեռացրել են համապատասխան վահանակը:
«Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և, անակնկալի գալով, տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝ որդուս նկարով վահանակի հետ միասին»,- գրել է հերոսի հայրը։
Նա աշխատակիցներից փորձել է տեղեկանալ, թե որտե՞ղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ «Ոմանք ասացին՝ բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին՝ այստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա՝ որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։
Հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերին 8-ին, նրան «Արցախի հերոս» կոչում էր շնորհվել 2021թ. հոկտեմբերին: