ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» անվանափոխելու նախագծին դեմ մասնագետների և ծնողների բողոքները, չմանրամասնեց Armenia Today-ի հարցը՝ արդյոք հանդիպում կամ հանրային քննարկում եղե՞լ է նրանց հետ։
Նա հավելեց, որ կրթության շահառուների հետ մշտական կապի մեջ է։
«Ես կրթական համակարգի շահառուների հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, դա իմ աշխատանքի ամբաժանելի մասն է»,- ասաց Անդրեասյանը՝ այդպես էլ չնշելով նախագծին դեմ կարծիք ունեցող ծնողների և մասնագետների հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ։
Ինչ վերաբերում է հանգամանքին՝ ինչպե՞ս է ստացվում e-draft-ում նախագծին կողմ ձայներն ավելանում են միայն շատ դեմ ձայներից հետո, Անդրեասյանն ընդգծեց, որ մարդիկ կան, ովքեր կողմ են այդ դիրքորոշմանը․ «Այդ մարդիկ շատ են, ձեր շուրջը նայեք, կտեսնեք»,- հավելեց նա։
Հունվարի 31-ին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը հանդես էր եկել հայտարարությամբ և քննադատել «Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության նախագիծը։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան, հրապարակախոս և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն Armenia Today-ին մեկնաբանել էր «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու վերաբերյալ նախագիծը, և այն անվանել հերթական մանիպուլատիվ նախաձեռնություն։