Հոկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում, որի հետևանքով հրազենային վիրավորումով հիվանդանոց են տեղափոխվել Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն ու նրա եղբայրը, գրում է Shamshyan.com-ը։
«Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել «Գորիս» բժշկական կենտրոնից, որ «որովայնի առաջնային պատի հրազենային գնդակային թափանցող վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արա Հ.-ն է: Ավելի ուշ նույն հիվանդանոց «զույգ վերին վերջույթների հրազենային գնդակային շոշափող վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Արշավիր Հ.-ն»,- գրում է ԶԼՄ-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Արա Հ.-ն Տաթև խոշորացված համայնքի Ճակատեն բնակավայրի վարչական ղեկավարն է։
Նշվում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 23:30-ի սահմաններում Տաթև համայնքի վարչական տարածքում վերջինններս հանդիպել են Արշավիր Հ.-ի 32-ամյա ծանոթին, որի ժամանակ այդ անձն իր մոտ պահվող հրազենով, դեռևս չպարզված հանգամանքներում, կրակոցներ է արձակել վերջիններիս Honda CRV ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են հրազենային վնասվածքներ: