Հանրահավաքներն ու քարոզարշավներն ամբողջ հանրապետությունում արգելվում են: Այս մասին այսօր` մարտի 16-ին, Աժ հատուկ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի այն հարցին, թե արդյոք ճիշտ չի՞ լինի արգելել բոլոր զանգվածային միջոցառումները ամբողջ Հայաստանում:
«Ես երկու խմբի կբաժանեի, մեկը` հանրային հավաքներն են, այսինքն հանրահավաքներ, քարոզարշավ, որոնք ամբողջ երկրում արգելված են, եւ կա երկրորդ շերտը, օրինակ հուղարկավորություն, էդ հուղարկավորությունը չի սահմանափակվում, սահմանափակվում է պարետի որոշմամբ, որ այս տարածքում հուղարկավորությունները կարող են տեղի ունենալ մինչեւ 20 մարդու մասնակցությամբ, նույնը հարսանիքը, նույնը նշանադրությունը»,-ասաց նա:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ արգելելով որոշակի մասում հավաքները, քաղաքացիները կարող են մեկ այլ քաղաքում կազմակերպել հավաքը, Փաշինյանն ասաց, որ իրենք օպերատիվ տեղեկատվություն կունենան նման դեպքերում, եւ եթե չունեն ջերմություն կամ այլ ախտանիշներ, կարող են հավաքն անցկացնել:
Փաշինյանն ասաց, որ հավաքների սահմանափակումը նաեւ վերաբերում է կրոնական հավաքներին եւ պատարագներին:
«Սկզբում մենք մտածում էինք միայն Էջմիածնում արտակարգ դրություն հաստատել, սակայն երբ Շենգավիթում եւ Մեղրիում դեպք հաստատվեց, մտածեցինք, որ ամբողջ հանրապետությունում կլինի, եւ անհրաժեշտ նվազագույն միջոցառումներ իրականացնենք ամբողջ երկրով, իսկ տեղային գործողությունները կմնան պարետի վրա»,-ասաց նա: