Այսօր մի խումբ քաղաքացիներ «Զորակցենք Արցախին» խորագրով ակցիա են իրականացրել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առաջ՝ պահանջելով կասեցնել Ադրբեջանի ցեղասպան գործընթացը, կանգնեցնել Ադրբեջանի ոճրագործ ռեժիմը: Նրանք նամակ են հանձնել Ֆրանսիայի կառավարությանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
«Եկել ենք Ֆրանսիայի կառավարությանը կոչ անելու հարգել հայ ազգի և մարդկության առջև ստանձնած պարտավորությունները: Կոչ ենք անում բոլոր հնարավոր միջոցներով կասեցնել Ադրբեջանի ոճրագործ ռեժիմի կողմից Արցախի ու Հայաստանի, հայության նկատմամբ իրականացվող միտումնավոր ցեղասպան գործընթացը: Հուսով ենք, որ ֆրանսիացի բարեկամ ժողովուրդը և Ֆրանսիայի իշխանությունները գործուն քայլերով կարձագանքեն մեր հորդոր-պահանջին և կանեն հնարավորը՝ կասեցնելու հայոց նոր ցեղասպանությունը»,- ասել է ակցիայի մասնակից Գայանեն:
Ակցիայի մասնակիցներից Գագիկ Հարությունյանն էլ նշել է, որ նամակում մանրամասնորեն ներկայացրել են, թե այսօր ինչ է տեղի ունենում Արցախում:
«Այն, ինչ կատավում է Արցախում, սպիտակ ցեղասպանություն է, որը քաղաքակրթության բաստիոն Ֆրանսիայի համար անթույլատրելի է: Մենք Ֆրանսիային առաջարկում ենք իր լռությամբ հանցակից չդառնալ Արցախում կատարվող ցեղասպանությանը»,- նշել է Գագիկ Հարությունյանը:
Վերջինս հայտնել է, որ դեսպանատան ներկայացուցչին խնդրել են փոխանցել Ֆրանսիայի կառավարությանը, որ տասը օրվա ընթացքում արձագանքեն իրենց նամակներին, հայտնեն որևէ որոշման մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: