Այսօրվանից Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, կգործի ԱՆՑՈՒՄ N1-ը, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի, Արամի, Բյուզանդ և Սարյան փողոցների խաչմերուկում: Այսօր տեղի ունեցավ ԱՆՑՈՒՄ N1-ի պաշտոնական բացումը:
«Տաշիր» ընկերությունների խմբի շնորհիվ տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող անցումը նոր շունչ ու կյանք է ստացել: Այն վերածվել է առևտրային գոտու, որտեղ մեր քաղաքացիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են մի ամբողջ օր անցկացնել, կատարել գնումներ ու համեղ սնվել: Նշենք, որ անցումը գերժամանակակից է: Այն հագեցած է նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված նոր սերնդի սանդուղքներով:
Բացման արարողությանը ելույթով հանդես եկավ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ողջունելով հյուրերին ու շնորհավորելով երևանցիներին՝ նա շեշտեց.
«Հարգելի՛ երևանցիներ, այսօր, որպես երևանցի, որպես մայրաքաղաքի բնակիչ, շատ ուրախ եմ այն նվերի համար, որը «Տաշիր գրուպը» տվել է Երևանին: Հիմա էլ կան անցումներ, որոնք կորցրել են իրենց տեսքը: Մենք հույս ունենք, որ հետագայում, նայելով «Տաշիր գրուպ»-ի կատարած աշխատանքին՝ այս օրինակով ներդրողները ոչ թե միայն իրենց համար բնակելի տներ կկառուցեն, այլ քաղաքին այսպիսի նվերներ կանեն»:
Այնուհետև «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը և Մկրտիչ Մինասյանը կտրեցին ԱՆՑՈՒՄ N1-ի կարմիր ժապավենը՝ հրավիրելով ներկաներին ծանոթանալու առևտրի գոտուն:
Հյուրերի շարքում կային նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, դերասաններ ու այլ հայտնի հյուրեր:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը երկու տարի առաջ հայտարարեց անցումը կապիտալ վերանորոգելու իր մտադրության մասին: Այս մասին նա նշել էր «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառուցված ժամանակակից «Նոր Երևան» այգու բացման արարողությանը, որին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Վերակառուցված ԱՆՑՈՒՄ N1-ը
ԱՆՑՈՒՄ N1-ի պաշտոնական բացման հյուրերը
Մանրամասները՝ տեսանյութում: