ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում։
Այս մասին ֆեյսբուքում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ հենց այս պատճառով է կառավարությունը 2019-ին հայտարարել առավելապես գյուղերին ուղղված աջակցության ծրագրերի կարևորության մասին։
Նախարարը նշել է, որ ժողովրդագրական ծրագրերը սովորաբար միտված են մարդկանց վարքագծի փոփոխությանը, այսինքն՝ ավելի շատ ապագայի մասին են։
«Իսկ ամենակարևոր բաղադրիչը նախապես հայտարարել և իրազեկելն է քաղաքականության մասին, որպեսզի ընտանիքի և երեխայի ծնունդի պլանավորումը դառնա արդյունք։ Սա է ժողովրդագրական ծրագրերի մշակման ամբողջ տրամաբանությունը»։
Բաթոյանը նշել է հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող հետևյալ փոփոխությունների մասին.
- Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելանա՝ 18.000 դրամի փոխարեն դառնալով 26,500 դրամ:
- Նույնքան կկազմի գյուղական բնակավայրերում բնակվող, չաշխատող քաղաքացիների նպաստի չափը՝ հուլիսի 1-ից հետո ծնված երեխայի խնամքի համար:
- Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կկազմի 53.000 դրամ:
- Առաջին և երկրորդ երեխայի համար տրվող ծննդյան միանվագ գումարը նախկին 50․000 և 150․000 դրամի փոխարեն կկազմի 300․000 դրամ։
- Մեկնարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագիրը։