Հայաստանում արդեն հասանելի է Google-ի՝ տեսանյութեր գեներացնող արհեստական բանականության գործիքը՝ Veo 3-ը, հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա ընդգծել է, որ սա հեղափոխական հնարավորություն է տարբեր ոլորտների մասնագետների համար՝ ստեղծելու բարձրորակ, սյուժետային կամ գեղարվեստական տեսանյութեր։
Նախարարի փոխանցմամբ՝ Veo 3-ը կարող է կիրառվել այնպիսի ոլորտներում, ինչպիսին կինեմատոգրաֆիան և գովազդը, կրթությունը, բիզնեսը, մարքեթինգը։ Գործիքի միջոցով մասնագետները կարող են ստեղծել վիզուալ պատմություններ՝ տարբեր ձևաչափերով։
Հայրապետյանը միևնույն ժամանակ նշել է գործիքի ռիսկերի մասին, որոնք, նրա խոսքով, պետք է հաշվի առնել։
«Veo 3-ը, լինելով հզոր գործիք, կարող է ստեղծել իրականին չափազանց մոտ պատկերներ և տեսարաններ, ինչը բերում է մեդիամանիպուլյացիայի, իրականության աղավաղման, սխալ տեղեկատվության տարածման ռիսկեր։ Կարող են լինել նաև իրական մարդկանց տեսքի օգտագործման, իրականից ոչնչով չտարբերվող տեսալսողական բովանդակության միջոցով հոգեբանական ներազդման, հեղինակային իրավունքի խախտումների վտանգներ»,- նշել է նախարարն՝ ընդգծելով, որ տեխնոլոգիան պետք է ծառայի ոչ թե մոլորեցմանը, այլ՝ հաղորդակցության բարելավմանը, արվեստին և գիտելիքի տարածմանը։