Կառավարության հունիսի 12-ի նիստում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մանրամասնել է, թե երբ կսկսվի Հայաստանում AI տվյալների կենտրոնի ծրագրի իրականացմումը, և ինչ է այնտեղ արտադրվելու։
Firebird ընկերությունը հունիսի 11-ին հայտնել էր, որ կառավարության և NVIDIA-ի հետ համագործակցությամբ Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն՝ արհեստական բանականության ամպային հարթակ ստեղծելու համար։
Հայրապետյանի խոսքով՝ ներդրողները նախատեսում են կենտրոնի ստեղծման աշխատանքները սկսել 2026 թվականից։
«Խոսքը նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորների մասին է, որոնք Firebird-ը պետք է ձեռք բերի NVIDIA ընկերությունից։ Պրոցեսորներն այս պահին աշխարհի առաջատար տեխնոլոգիաներից են։ Դրանք համալրված են ամենառաջատար չիպերով։ Սա արհեստական բանականության (AI) հաշվողական ռեսուրսների cloud ծառայություններ մատուցելու հնարավորություն է տալու և՛ հայաստանյան տնտեսությանը, և՛ աշխարհի տարատեսակ տեխնոլոգիական ընկերություններին, որոնք զբաղվում են նորարարություններով։ Այսինքն, այդ ընկերությունները պետք է վարձակալեն Firebird-ի արտադրած արհեստական բանականության ռեսուրսը և կիրառեն իրենց հետազոտություններում»,- մանրամասնել է նախարարը։
Հայրապետյանը նշել է, որ կառավարությունը նախատեսում է արտադրանքի որոշ հատված հասանալի դարձնել հայաստանյան ստարտափ էկոհամակարգի, AI-ի մասնագետների, հետազոտողների համար։ Նրա խոսքով, սակայն, արտադրության հիմնական մասը վաճառվելու է աշխարհի տարբեր ընկերությունների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել ներդրումային ծրագիրն «Ակադեմիական քաղաքի» տարածքում իրականացնելու հնարավարությունը, ուր, նրա խոսքով, ահռելի տարածքներ կան։
Firebird-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը կաջակցեն Team Group-ը՝ Telecom Armenia-ի մայր ընկերությունը և իռլանդական Imagine Broadband-ը, իսկ Afeyan Foundation For Armenia հիմնադրամը կմիանա Firebird-ին որպես հիմնադիր ներդրող։ Afeyan Foundation For Armenia-ի ղեկավար Նուբար Աֆեյանը, որը նաև Flagship Pioneering-ի գործադիր տնօրենն է, հանդես կգա որպես Firebird-ի ռազմավարական խորհրդատու և հիմնադիր գործընկեր: