Լեռնային Ղարաբաղում տեղադրված ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է և խորը վրդովմունք է առաջացնում, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Միևնույն ժամանակ՝ Շվիդկոյը նշել է, որ նույն զգացողություններն է ունեցել Ղարաբաղում «Ադրբեջանի մշակույթի ականավոր գործիչների հուշարձանների պղծման» վերաբերյալ։
«Եվ ես դա նույնպես չեմ թաքցնում»,- նրա խոսքերը մեջբերում է գործակալությունը։
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պնդմամբ՝ Մոսկվան տեղեկացված չէր այս հուշարձանը քանդելու ծրագրերի մասին։ Շվիդկոյը նշել է, որ եթե հուշարձանը որևէ պատճառով չբավարարեր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն ապամոնտաժելու իր մտադրության մասին։
«Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ եղանակով, օրինակ՝ այն ռուսական հող տեղափոխելով։ Ընդհակառակը՝ դա ցուցադրական, անբարյացակամ գործողություն է Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա։
Շվիդկոյը նաև նշել է, որ հուշարձանը տեղադրվել էր 2021 թվականին՝ ռուսական խաղաղապահ զորքերի մասնակցությամբ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես արձագանքել է ծովանկարչի հուշարձանի քանդմանը՝ իր Telegram ալիքում հրապարակելով Այվազովսկու նկարները:
«Այվազովսկու աշխատանքը: Ինչ-որ տեղ նրանք ոչնչացնում են նրա հուշարձանները, իսկ ես վերացնում եմ նրանց անգրագիտությունը, ովքեր երբեք չեն տեսել նրա նկարները»,- գրել է նա:
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Այվազովսկու կիսանդրու տեղադրումը ռուս խաղաղապահների կողմից «առանց ադրբեջանական կողմի համաձայնության, անօրինական էր»: Բաքուն նաև ՏԱՍՍ գործակալությունից պահանջել է ներողություն խնդրել Ստեփանակերտի անվանումն օգտագործելու համար՝ «հակառակ դեպքում, օրենքի համաձայն, միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության դեմ»:
Հուլիսի 30-ին ադրբեջանցիները ոչնչացրել էին օկուպացված Ստեփանակերտում գտնվող Այվազովսկու հուշարձանը: