Օկուպացված Ստեփանակերտում հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդումը խիստ քննադատության է արժանացել Ռուսաստանում: Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն Ադրբեջանի գործողությունները վանդալիզմ է անվանել, որը, նրա համոզմամբ, պետական մակարդակով աջակցություն է ստանում: Նա այս մասին խոսել է Lenta.ru-ին տված հարցազրույցում։
«Բացի այն, որ սա բարբարոսական գործողություն է, անկեղծ ասած այն բարբարոսության շատ ակտերի նման հիմարություն և անխելքություն է: Այվազովսկին գեղանկարչության համընդհանուր ճանաչված հանճար է, որը գնահատվել է ոչ միայն Ռուսական կայսրությունում, այլև ամբողջ աշխարհում»,- ասել է Զատուլինը։
Ըստ նրա՝ Այվազովսկու հուշարձանի քանդումը միակը չէ, նախկինում ոչնչացվել և պղծվել են նաև մշակութային և պատմական այլ գործիչների հուշարձաններ: Խոսքը հայկական Չարդախլու գյուղում ծնված հայտնի խորհրդային զինվորականների մասին է: Ոչնչացվել են նաև բազմաթիվ խաչքարեր՝ մշակութային և կրոնական արժեք ունեցող քարե խաչեր։
«Այս հրաշալի մարտիկները՝ հայկական մշակութային ազդեցության դեմ, որոնք այժմ տիրում են նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, վաղուց արշավ են սկսել հայկական ժառանգությունը ոչնչացնելու համար»,- նշել է պատգամավորը։
Զատուլինը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը տարածում է Ղարաբաղում պատմական հուշարձանների ոչ հայկական ծագման տեսությունը։ Նա հիշատակել է 6-12-րդ դարերում կառուցված վանքերը։ Նրա կարծիքով՝ սա փորձ է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը և ջնջել հայկական հետքը Ղարաբաղի մշակույթից։
Ավելի վաղ ադրբեջանցիները ոչնչացրել էին ծովանկարիչ Այվազովսկու հուշարձանն օկուպացված Ստեփանակերտում։