ԱՄՆ 87 կոնգրեսական ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջել է ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
ANCA-ն մանրամասնել է, որ 24 նահանգից ավելի քան 66 մլն ամերիկացի ԱՄՆ ներկայացուցիչներ երկկուսակցական դիմում են հղել Կոնգրեսին՝ կոչ անելով «բռնի տեղահանված հայերին վերադարձնել իրենց հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»։
Նամակում, մասնավորապես, վարչակազմին կոչ է արվում աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցով շվեյցարական խաղաղ նախաձեռնությանը, որն ընդունվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից «միջազգային բանակցային հարթակ ստեղծելու համար՝ միջազգային երաշխիքներով հայերի անվտանգ վերադարձի ապահովման նպատակով»:
Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի (դեմոկրատ՝ Նյու Ջերսիից), Գաս Բիլիրակիսի (Հանրապետական՝ Ֆլորիդայից), Բրեդ Շերմանի (դեմոկրատ՝ Կալիֆոռնիայից) և Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական՝ Կալիֆոռնիայից) պատրաստած նամակում օրենսդիրներն ընդգծել են, որ այդ ուղղությամբ միջոցների ձեռնարկումն ուղղակիորեն համապատասխանում է միջազգային իրավունքին և ուղղված է տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հաստատմանը։
Նամակում փաստում են 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և Արցախի վրա ռազմական հարձակման հետևանքները, որի արդյունքում «տարածաշրջանի ողջ հայ բնակչությունը՝ 120 000 մարդ, բռնի տեղահանվել է»: Դրանում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես հարձակումից հետո Ադրբեջանը «ձեռնամուխ եղավ քրիստոնյա հայերի մշակութային ժառանգության օբյեկտների համակարգված ոչնչացմանը» և իրականացրեց «քաղաքացիական ունեցվածքի և հասարակական ենթակառուցվածքների լայնածավալ թալան և ոչնչացում՝ փորձելով զրկել վերադարձի հնարավորությունից»։
Վկայակոչելով միջազգային նախադեպերը՝ նամակում ասվում է, որ «պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության՝ իրենց տները վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է»: Նշվում է նաև միջազգային դատարանի 2023 թվականի դեկտեմբերի որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Արցախի հայ բնակչության անվտանգ վերադարձը:
«Կոնգրեսի այս երկկուսակցական նամակը հստակ ազդանշան է վարչակազմին, որ դեպի իրական տարածաշրջանային խաղաղություն տանող ցանկացած ճանապարհ պետք է սկսվի հայերի հավաքական, պաշտպանված վերադարձից Արցախ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Այսօր ավելի վաղ ANCA-ն հայտնել էր, որ ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը զուգահեռաբար ներկայացրել են բանաձևեր, որոնք դատապարտում են քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանում հայերի էթնիկ զտումներն Արցախում։
ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին անցկացվել էր արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությանը նվիրված ներկայացուցչական քննարկում։ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը գործարկվել էր 2025թ․ մայիսին՝ Շվեյցարիայի Ֆեդերալ ժողովի երկու պալատի կողմից միաձայն ընդունված նախաձեռնությամբ։