ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությանը նվիրված ներկայացուցչական քննարկում, հայտնում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Քննարկմանը մասնակցել են Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ։ Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքի իրավական, դիվանագիտական և հումանիտար ասպեկտներին։
«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված «խաղաղության պայմանները», որոնք այժմ պարտադրվում են Երևանին՝ որպես միակողմանի հնազանդություն ցեղասպանական Ադրբեջանին, պետք է մերժվեն։ Անհրաժեշտ է ձևավորել նոր խաղաղություն՝ հիմքում ունենալով արցախահայության ապահով վերադարձն իրենց հայրենիք»,- քննարկմանն ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Շվեյցարացի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ներկայացրել է նախաձեռնության ծագումը որպես անձնական պարտավորություն, որը նա ստանձնել էր 2024 թվականին՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում՝ հանդիպելով Արցախից տեղահանված անձանց։
«Մի կին ցույց տվեց ինձ իր նախկին տան տեսանյութը, որն այժմ օկուպացված է։ Այդ տեսարանը կոտրեց իմ սիրտը։ Այդ պահին ես հասկացա՝ պետք է գործեմ։ Խոստացա նրան ու մյուս փախստականներին, որ կօգնեմ»,- ասել է նա և հավելել, որ շվեյցարական խաղաղության նախաձեռնությունն ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս աջակցել խաղաղությանը՝ առանց անմիջական ռիսկ կրելու։
Շվեյցարացի մեկ այլ պատգամավոր՝ Լուկաս Ռեյմանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։
«ԱՄՆ-ն կարող է օգնել վերակենդանացնել Մինսկի խումբը՝ նպաստելով հարկադիր տեղահանվածների վերադարձին։ Սա է կայուն խաղաղության հիմքը»,- ընդգծել է նա։
Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նկարագրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության վերջնակետ, որը հետապնդում էր Արցախի բնակչությանը՝ սովի և ահաբեկման թուլացմամբ։
«Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս՝ հարգելու իր նախկին խոստումները և նպաստելու կայուն խաղաղությանը։ Դա նաև հնարավորություն է՝ օգնելու կանգնեցնել աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի հանդեպ իրականացված էթնո-կրոնական զտումը»։
Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ներկայումս համակարգում է «Սա պարզապես տեղական կամ էթնիկ խնդիր չէ։ Սա մարտահրավեր է՝ ուղղված միջազգային կարգին և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան հանձնառությունների արժանահավատությանը»։
Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը գործարկվել է 2025թ․ մայիսին՝ Շվեյցարիայի Ֆեդերալ ժողովի երկու պալատների կողմից միաձայն ընդունված նախաձեռնությամբ։ Այն պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել չեզոք միջազգային հարթակ՝ Ադրբեջանի իշխանությունների և տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև երկխոսության համար՝ միջազգային միջնորդությամբ և պաշտպանական երաշխիքներով։