ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ի ուշ երեկոյան քննարկվելու է Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA):
Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ Ֆոնտոբելի և Լուկաս Ռայմանի ղեկավարած դիվանագիտական նախաձեռնությունը միտված է ապահովել արդար և կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ներառյալ՝ Արցախից բռնի տեղահանվածների համատեղ, պաշտպանված վերադարձն իրենց տները:
Պատգամավորներ Ֆոնտոբելն ու Ռայմանը, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի (ստեղծվել է Արցախի արտագաղթած խորհրդարանի) համակարգող Վարդան Օսկանյանը հուլիսի 7-ին, ըստ ANCA-ի, հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ՝ քննարկելու բռնի տեղահանված հայերի իրավունքները և վերջին զարգացումները Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջանում։
Պատվիրակությունն անցկացնելու է հավելյալ խորհրդակցություններ Կոնգրեսի անդամների, մարդու իրավունքների կազմակերպությունների և քաղաքական հաստատությունների հետ։
Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը գործարկվել է 2025թ․ մայիսին՝ Շվեյցարիայի Ֆեդերալ ժողովի երկու պալատների կողմից միաձայն ընդունված նախաձեռնությամբ։ Այն պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը կազմակերպել չեզոք միջազգային հարթակ՝ Ադրբեջանի իշխանությունների և տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև երկխոսության համար՝ միջազգային միջնորդությամբ և պաշտպանական երաշխիքներով։
Կարդացեք նաև՝
Բեռնում կազմակերպվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային համաժողով
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն