Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը կարևորել է միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նա նաև խոսել է Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողությունների մասին։
Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է դատավորի կարևոր առաքելությանն աշխարհում՝ արդարության հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում։
Համաժողովին մասնակցում է շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող։
Կարդացեք նաև՝
«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն