Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միացյալ հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում, հայտնել է «Հրապարակ»-ը։
Թերթը հիշեցրել է, որ ապրիլի 15-ին Արցախի խորհրդարանն ընդունել էր սահմանադրական փոփոխություններ, որոնցով Արցախի նախագահի պաշտոննը պահպանվում է։ Ըստ փոփոխությունների՝ մայիսի 21-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետի ավարտից հետո խորհրդարանը կկարողանա նոր նախագահ ընտրել 22 պատգամավորի ձայներով։
Թերթի տվյալների համաձայն՝ Շահրամանյանը չի մանրամասնել՝ առաջադրվելո՞ւ է նախագահի պաշտոնում, թե՞ ոչ։ Նա միայն կոչ է արել ընդունել փոփոխություններ՝ նախագահի ինստիտուտը չլուծարելու համար։
«Շահրամանյանն անհետացել է, մի կողմ քաշված՝ հետևում է արցախցիների օր-օրի խորացող խնդիրներին և պայքարին, բայց գրեթե ոչ մի տեղ չի երևում։ Նա ո՛չ արցախցիների՝ մարտի 29-ի հանրահավաքին երևաց, ո՛չ այցելեց Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան, մինչդեռ ենթադրվում էր, որ պետք է հրապարակային ելույթներ ունենար և այդ պայքարն առաջնորդեր»,- գրել է թերթը։
Թերթը պնդում է, որ Շահրամանյանի վարքագիծը նորություն չէ, նրան «վերահսկում» է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, որին վստահվել է Շահրամանյանին չեզոքացնելու կարևոր խնդիրը»։
«Դժվար է ասել, թե Աբազյանն ինչ է խոստացել Շահրամանյանին և ինչով է նրան պահում «կոնտրոլի» տակ, բայց արցախյան շրջանակները համարում են, որ Արցախի նախագահը սխալ ճանապարհով է գնացել և հրաժարվել է իր պաշտոնական պարտականությունները կատարելուց»,- հավելել է թերթը։
Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում էր գոյություն ունենալ։