Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որտեղ Արցախի հայկական հուշարձանները որպես աղվանական են ներկայացվում, հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը (Artsakh Monument Watch):
Նշվում է, որ աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով, օրինակ Ամարասը, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։
«Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում»,- շեշտում է նախաձեռնությունը։
Artsakh Monument Watch-ը զարմանք է հայտնել, որ որոշ հայտնի հետազոտողներ մասնակցում են գիտաժողովին՝ տեսնելով, որ որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։
Ծրագիրը բողոք ու մտահոգություն է հայտնել հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին։
«Մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են»,- հավելել են նախաձեռնությունից։
Կարդացեք նաև՝
Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն