Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն սկսում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։
Նա ընդգծել է, որ Երևանը հետաձգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը՝ Ադրբեջանում Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու վտանգի պատճառով։
«Ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնպես էլ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մեկ այլ շարժում, օրինակ՝ Արևմտյան Ադրբեջանի շարժում։ Եվ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ կոնֆլիկտային տրամաբանությունն Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին է»,- ասել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը իբր վկայում են, որ Ղարաբաղյան շարժումն այդ ժամանակ արդեն ավարտվել էր։
«Ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինտուիցիա չէինք ունեցել, որ կարդանք ու ինքնուրույն դա հասկանանք»,- ասել է նա։
Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը չի պատրաստվում շարունակել Ղարաբաղյան շարժումը։
«Մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ուզում եք թռեք վերև, իջեք ցած»,- հայտարարել է նա։
Վարչապետի համոզմամբ՝ իր այս կարծիքը կիսում է ՀՀ ժողովուրդը։
«Ես սա հայտարարում եմ՝ որպես ՀՀ վարչապետ, և եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի՝ ես այդ պահից կդադարեմ լինել վարչապետ։ Քանի ես վարչապետ եմ, սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»,- շեշտել է նա։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։