ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը երախտագիտություն է հայտնել Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Կանտոնների խորհրդին, «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. Հայերի վերադարձի հնարավորությունը» վերնագրով բանաձևի ընդունման կապակցությամբ։
«Այս սկզբունքային և ժամանակին կայացված որոշումը վկայում է միջազգային իրավունքին, համամարդկային հումանիտար արժեքներին և ընդգրկուն դիվանագիտությանը Շվեյցարիայի երկարամյա հավատարմության մասին։ Կարևորելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսություն խթանող հատուկ ֆորումի ստեղծման անհրաժեշտությունը՝ Շվեյցարիան կարևոր շեշտադրում է կատարում՝ պաշտպանելու բնօրրանից բռնի տեղահանված հայերի հավաքական վերադարձի և հիմնարար այլ իրավունքի իրացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Պատգամավորներն ընդգծել են, որ երկխոսության ֆորում կազմակերպելու Շվեյցարիայի առաջնորդությունը «հույսի նշան է, կառուցողական ներգրավվածության օրինակ», և խմբակցությունը պատրաստ է աջակցել նախաձեռնությանը և սերտորեն համագործակցել շվեյցարացի գործընկերների ու բոլոր շահառուների հետ՝ ապահովելու ֆորումի արդյունավետ ընթացքն ու նպաստելու Հարավային Կովկասում հարատև և արդար խաղաղության հաստատմանը։
Շվեյցարիայի խորհրդարանը հավանություն էր տվել արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու մասին բանաձևին: