Ադրբեջանն ավերել է Արցախի օկուպացված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները, հայտնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը:
Արբանյակային պատկերները ցույց են տալիս գերեզմանոցների ավերումը։ Գերեզմանոցների գերեզմանաքարերի մեծ մասը ոչնչացվել էր 2024 թվականի ընթացքում, ասվում է զեկույցում։
Հիմնադրամը նշել է, որ լուսանկարներից հնարավոր չէ ճշգրիտ որոշել ոչնչացման մասշտաբները։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղեր ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել են Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել: