Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է հացադուլը սկսելուց մեկ շաբաթ անց, հայտնել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը։
Նրա խոսքով, մասնավորապես, Վարդանյանի արյան ճնշումը հասել է վտանգավոր բարձր՝ 140/110 մակարդակի, որը որակվում է որպես բարձր և համարվում է բժշկական օգնություն պահանջող։ Նա նաև նիհարել էր վեց կիլոգրամով, և նրա սրտի զարկերը զգալիորեն բարձր են նորմայից։
Վարդանյանը հայտնվել է հյուծված վիճակում և մի քանի անգամ մոտ էր գիտակցությունը կորցնելուն, ասվում է հայտարարության մեջ։ Փաստաբանն ընդգծել է, որ Վարդանյանի դատավարությունը շարունակվել է առանց ընդհատումների՝ չնայած նրա ինքնազգացողության վատթարացմանը և հետաձգելու հինգ միջնորդություններին։
Ըստ Գենսերի, թեև երեկ պաշտպանական կողմի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ Վարդանյանը զննվել է բժշկի մոտ, վերջինս զննության արդյունքների մասին զեկուցել է միայն դատարանին։
կոչ է արել միջազգային կազմակերպություններին, որոնք մուտք ունեն ադրբեջանական բանտարկյալների մոտ, շտապ այցելել Վարդանյանին, իսկ անկախ դիտորդներին՝ վերահսկել գործընթացը: Նա նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը թույլ տալ պաշտպանության միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:
«Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,- նշել է փաստաբանը:
Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024 թվականի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 25-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ իր «գործով» հաջորդ նիստում Վարդանյանն ասել է, որ իրեն վատ է զգում հացադուլի պատճառով, որից հետո դատավորը ընդմիջում է հայտարարել բուժզննման համար։