Ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Թաղուտ գյուղը, հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Վերջինս նշել է, որ Բաքուն ոչ միայն սահմանափակվում է մշակութային ժառանգության ոչնչացմամբ, այլև նպատակային կերպով վերացնում է հայերի պատմական բնակավայրերը՝ փորձելով վերացնել հայկական հետքն Արցախում։
Կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ արձագանքել Ադրբեջանի հանցավոր գործողություններին, դատապարտել Բաքվին և քայլեր ձեռնարկել այդ խտրական և ապօրինի քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ:
«Լռությունը միայն կխրախուսի այս նոր ցեղասպանական մեխանիզմի կիրառումը՝ վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,- զգուշացրել է Ավանեսովը։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղեր ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել են Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Armenia Today-ն իր նյութում տեղեկություններ է հավաքել Արցախի տարածքում պատմամշակութային նշանակության բոլոր ավերված հուշարձանների մասին, որոնք 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Բաքվի կողմից մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհն են դարձել: