Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են փետրվարի 6-ին Բաքվում Արցախի նախկին առաջնորդների դեմ կայացած «դատական» նիստի մասին։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ դատական նիստի ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը «սուտ է անվանել» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ գերիների նկատմամբ հոգեմետ նյութեր են օգտագործվում։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանն իբր հայտարարել է, որ «Արցախի նախկին ղեկավարների վրա ճնշում չի գործադրվել», և որ կալանավայրում «բոլոր օրենքները պահպանվում են»։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 10-ին, իսկ Արցախի նախկին մյուս ռազմական և քաղաքական առաջնորդների դեմ գործով նիստը՝ փետրվարի 7-ին։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում ՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։