Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակից հանվել է Արցախի դրոշը, հայտնում է «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
««Էջմիածին» դաշինքը խստագույնս դատապարտում է Արցախի, նրա ժողովրդի և խորհրդանիշների դեմ իրականացվող ցանկացած գործողություն։ Հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության»,- գրել է նա Facebook-ում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական:
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։
Կարդացեք նաև՝ «Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։