Հայազգի ամերիկացի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը կոչ է արել արդար դատել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների գործերը։
«Մենք բոլորս պետք է զգոն լինենք և անենք հնարավորն արդար դատավարություն ապահովելու և կոպիտ անարդարությունից խուսափելու համար»,- գրել է նա։
Աֆեյանը հանրությանը խնդրել է վերանայել նաև Վարդանյանի հունվարի 16-ի հայտարարության մեջ ներկայացված համոզիչ փաստերը։ Դրանում նախկին պետնախարարը խոսել էր իր գործով կատարված մեծածավալ կեղծիքների մասին և պահանջել բաց դատավարություն։
Բաքուն 2024 թվականի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023թ․ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում, հաղորդել էր Վարդանյանի պաշտպանական թիմը: