Արցախի խորհրդարանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման վերաբերյալ։ Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարության մեջ։
«Մեր խորին գնահատանքն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ դիրքորոշման համար: Կարևոր է, որ բանաձևն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության անհրաժեշտությունը՝ մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի երաշխավորմամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև մեր գույքի ու մշակութային ժառանգության պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Բաղունցը շեշտել է, որ Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, ինչը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո։
Նա Արցախի ԱԺ անունից Եվրոպական միությանը հորդորել է ձեռնարկել գործնական և ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարգումը:
Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ին ընդունել էր «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որով Ադրբեջանին կոչ էր անում ապահովել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, ազատ արձակել Ադրբեջանում ապօրինի ձերբակալված հայերին։
Հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը՝ ԵԽ-ն պահանջել էր արցախահայության հետ անկեղծ ու թափանցիկ երկխոսության մեկնարկ՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը նաև պահանջել էր Արցախի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, ինչպես նաև Արցախի գրավումից հետո ձերբակալված անձանց ազատ արձակում։ Բանաձևում հատուկ անդրադարձ կա Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչի համատեքստում պահանջել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելության մուտքը տարածաշրջան։