Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտն Ադրբեջանի կողմից գերեվարված ու ապօրինի դատապարտված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվի վերաբերմունքը մահվան դատավճիռ է համարել, տեղեկանում ենք ինստիտուտի տարածած հաղորդագրությունից։
Ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել հասնել բոլոր հայ գերիների ազատ արձակմանն ադրբեջանական գերությունից։
«Հաշվի առնելով պարոն Խաչատրյանի պատկառելի տարիքը և սրտի հիվանդությունը, որը 2023թ. հուլիսի 29-ին Արցախից նրա շտապ տարհանման պատճառ է դարձել, ցեղասպան ռեժիմի կողմից նրան 15 տարով ազատազրկելը հավասարազոր է թաքնված մահապատիժին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը մեղադրել է Արցախում ադրբեջանական իշխանությունների վայրագ հանցագործությունների մասին մոռանալու և Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին նախազգուշացումներն անտեսելու մեջ: Ինստիտուտն իր հաղորդագրության մեջ նշել է, որ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, ուստի աշխարհը պետք է ոչ միայն հասնի հայ գերիների ազատ արձակմանը, այլև դադարեցնի Բաքվին ցուցաբերվող օգնությունը, որն ուժեղացնում է նրա հնարավորությունները Երևանի դեմ ռազմական ագրեսիայի համար:
Նոյեմբերի 7-ին Բաքվի դատարանը Հակարիի կամրջին ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով կալանավորված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման: Նշվում էր, որ 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ պատժի մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Խաչատրյանը չի ընդունել մեղադրանքները՝ խնդրելով արդարացնել իրեն:
«Ես անմեղ մարդ եմ, այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել»,- ասել էր Խաչատրյանը։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ն Ադրբեջանին ժամանակ տրամադրել: