2020 թվականից հետո Արցախի 18 թանգարան է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը։
«Արցախի բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան, 2020 թվականի պատերզամի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով», – ասվում է Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։