Միջազգային փրկության կոմիտեն (IRC) կոչ է անում մշտական աջակցություն ցուցաբերել ավելի քան 100,000 տեղահանվածներին, հայտնում են ՄՓԿ-ի պաշտոնական էջից։
Ըստ կոմիտեի՝ 2,8 միլիոն բնակչություն ունեցող և ավելի քան 25% աղքատության մակարդակ ունեցող Հայաստանը, ձմռանն ընդառաջ, կարող է զգալի դժվարությունների հանդիպել տեղահանվածների կարիքները հոգալու հարցում:
IRC-ի Արտակարգ իրավիճակների բաժնից Քեթրին Սոկոլն ասել է. «Լեռնային Ղարաբաղը լքած տասնյակ հազարավոր մարդիկ ներկայումս ապրում են տներում և կոլեկտիվ կացարաններում: Կառավարության, տեղի քաղաքացիական հասարակության և հարևանների ջանքերն ապշեցուցիչ են եղել, սակայն տեղահանված բնակչությունը դեռ աջակցության կարիք կունենա՝ առաջիկա ամիսներին իրենց անմիջական կարիքները բավարարելու համար»:
Կոմիտեի աշխատակիցն ընդգծում է՝ մարդկանց մեծ մասը շատ արագ է հեռացել՝ թողնելով ամեն ինչ։ Քանի որ ջերմաստիճանն սկսում է կտրուկ իջնել, նրանց այժմ շտապ անհրաժեշտ են տաք հագուստ, անկողնային պարագաներ, տունը տաքացնելու և ճաշ պատրաստելու միջոցներ:
IRC-ն, ըստ հաղորդագրության, աշխատում է տեղական գործընկերների հետ՝ բավարարելու 1700 մարդկանց կարիքները՝ տրամադրելով վերմակներ, տաք հագուստ, ջեռուցիչներ և անկողնային պարագաներ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։